Հարց
Ո՞վ է քրիստոնյան:
Պատասխան
Քրիստոնյայի բառարանային սահմանումը մոտավորապես այսպիսին է․ «Անձնավորություն, ով դավանում է Քրիստոսի հանդեպ իր հավատքը կամ Նրա ուսուցումների հիման վրա կազմված կրոնի հետևորդ է»։ Քրիստոնյայի բառարանային սահմանումն օգտակար սկիզբ է քննարկման համար, ինչպես բոլոր բառարանային սահմանումները, սակայն այն ամբողջովին չի փոխանցում քրիստոնյա լինելու աստվածաշնչյան ճշմարտությունը։ «Քրիստոնյա» բառը Նոր Կտակարանում երեք անգամ է օգտագործված (Գործք 11․26, 26․28, Ա Պետրոս 4․16)։ Հիսուս Քրիստոսի հետևորդներն առաջին անգամ «քրիստոնյաներ» անվանվեցին Անտիոքում (Գործք 11․26), քանի որ նրանց վարքագիծը, գործերը և խոսքերը նման էին Քրիստոսին։ «Քրիստոնյա» բառը բառացիորեն նշանակում է «պատկանել Քրիստոսի կուսակցությանը» կամ «լինել Քրիստոսի հետևորդը»։
Ցավալիորեն, ժամանակի ընթացքում «քրիստոնյա» բառը կորցրել է իր սկզբնական նշանակությունը և հաճախ օգտագործվում է կրոնական պատկանելության առումով կամ նկարագրելու համար բարձր բարոյական արժեքներ դավանող մարդում, ով սակայն կարող է նաև չլինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդը։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն հավատում կամ վստահում Հիսուս Քրիստոսին, իրենց քրիստոնյաներ են համարում՝ հիմնվելով այն փաստի վրա, որ եկեղեցի են հաճախում կամ ծնվել են «քրիստոնեական» երկրում։ Սակայն եկեղեցի գնալը, կարիքավորների համար խնամք տանելը կամ լավ մարդ լինելը Ձեզ չի դարձնում քրիստոնյա։ Եկեղեցի գնալը մարդուն չի կարող քրիստոնյա դարձնել ճիշտ այնպես, ինչպես ավտոտնակ մտնելը նրան չի դարձնում ավտոմեքենա։ Եկեղեցու անդամ լինելը, եկեղեցական ծառայություններին պարբերաբար մասնակցելը և եկեղեցու գործերի համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելը Ձեզ նույնպես չի դարձնում քրիստոնյա։
Աստվածաշունչը սովորեցնում է, որ բարի գործերով մենք չենք կարող Աստծո առջև ընդունելի դառնալ։ Տիտոս 3․5 խոսքում կարդում ենք․ «Նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ Իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ»։Այսպիսով, քրիստոնյան մեկն է, ով Աստծուց վերստին ծնունդ է ապրել (Հովհաննես 3․3, Հովհաննես 3․7, Ա Պետրոս 1․23) և իր հավատն ու վստահությունը Հիսուս Քրիստոսին է ուղղել։ Եփեսացիս 2․8 խոսքն ասում է․ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է»։
Իրական քրիստոնյան այն անձն է, ով իր հավատն ու վստահությունը անկեղծորեն ուղղում է դեպի Հիսուս Քրիստոսի անձն ու կատարած գործը՝ ներառյալ խաչի վրա որպես մեր մեղքերի համար վճարված գին Նրա մահն ու երրորդ օրը մահացածների միջից հարություն առնելը։ Հովհաննես 1․12 խոսքում կարդում ենք․ «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու»։ Ճշմարիտ քրիստոնյա լինելու նշանը մյուսների հանդեպ սերն է և Աստծո Խոսքի հանդեպ հնազանդությունը (Ա Հովհաննես 2․4,10)։ Իրական քրիստոնյան, անկասկած, Աստծո զավակ է, Աստծո ընտանիքի մի անդամն ու մեկն, ով Հիսուս Քրիստոսի մեջ նոր կյանք է ընդունել։
Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։
English
Ո՞վ է քրիստոնյան: