Հարց
Ո՞վ է սատանան:
Պատասխան
Մարդկանց հավատալիքները սատանայի վերաբերյալ շատ բազմազան են՝ սկսած անիմաստություններից մինչև երևայական պատկերացումները, սկսած կոտոշավոր կարմիր արարածից, որը նստում է մարդու ուսին ու նրան մղում մեղք գործելու, մինչև չարության մարմնավորում լինելու նկարագրությունները։ Սակայն Աստվածաշունչը մեզ սատանայի հստակ նկարագրությունն է փոխանցում և խոսում այն մասին, թե ինչպես է նա ազդում մեր կյանքերի վրա։ Եթե փորձենք պարզ նկարագրել, ապա Աստվածաշունչը սատանային ներկայացնում է որպես հրեշտակ, ով ընկել է երկնային իր դիրքից մեղքի և Աստծո դեմ ապստամբելու պատճառով, ինչպես նաև իր ամբողջ զորությամբ փորձում է խանգարել Աստծո ծրագրերին։
Սատանան արարվել է որպես սուրբ հրեշտակ։ Եսայիա 14․12 խոսքը, ամենայն հավանականությամբ, տալիս է սատանայի անվանումը նախքան անկումը՝ Արուսյակ։ Եզեկիել 28․12-14 հատվածը նկարագրում է սատանային որպես արարված քերովբե և ստեղծվածների մեջ բարձրագույն արարածը։ Նա հպարտացավ իր գեղեցկության ու դիրքի պատճառով և որոշեց, որ ուզում է նստել Աստծուց բարձր դիրք ունեցող գահին (Եսայիա 14․13-14, Եզեկիել 28:15, Ա Տիմոթեոս 3․6)։ Սատանայի հպարտությունը նրա անկման պատճառ դարձավ։ Ուշադրություն դարձրեք, թե Եսայիա 14․12-15 հատվածում, քանի անգամ է նա ասում «ես այսպես կանեմ» արտահայտությունը։ Այդ մեղքի պատճառով Աստված սատանային վտարեց Երկնքից։
Սատանան դարձավ այս աշխարհի աստվածը և օդի իշխանության իշխանը (Հովհաննես 12․31, Բ Կորնթացիս 4․4, Եփեսացիս 2․2)։ Նա չարախոս է (Հայտնություն 12․10), փորձիչ (Մատթեոս 4․3, Ա Թեսաղոնիկեցիս 3․5) և ստախոս (Ծննդոց 3, Բ Կորնթացիս 4․4, Հայտնություն 20․3)։ Նրա անունը հենց «հակառակորդ» կամ «ընդդիմացող» նշանակում։ Նրա մյուս անունը բանսարկու է։
Թեև սատանան վտարվել է Երկնքից, սակայն դեռևս կամենում է իր գահն Աստծո գահից բարձր դնել։ Նա կեղծում է ամենն, ինչ անում է Աստված՝ հույս ունենալով դեպի իրեն գրավել աշխարհի երկրպագությունը և քաջալերել Աստծո Արքայության դեմ ըմբոստությունը։ Սատանայից է բխում ամեն կեղծ պաշտամունքների ու աշխարհի կրոնների հետևում կանգած զորությունը։ Սատանան իր ուժերի սահմաններում ամեն բան անում է, որպեսզի հակադրվի Աստծուն և բոլոր նրանց, ովքեր հետևում են Աստծուն։ Այնուամենայնիվ, նրա ճակատագիրը հստակ որոշված է՝ հավիտենական տանջանք կրակե լճում (Հայտնություն 20․10)։
English
Ո՞վ է սատանան: