settings icon
share icon
Հարց

Արդյոք կինը պե՞տք է հնազանդվի իր ամուսնուն։

Պատասխան


Հնազանդությունը կարևոր որակ է ամուսնության մեջ։ Ահա աստվածաշնչյան հստակ պատվերը․ «Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և Ինքն է մարմնի Փրկիչը։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն» (Եփեսացիս 5․22–24)։

Անգամ նախքան աշխարհ մեղքի մուտք գործելը գոյություն ուներ ամուսնու իշխանության սկզբունքը (Ա Տիմոթեոս 2․13)։ Նախ Ադամը ստեղծվեց, իսկ հետո Եվան՝ որպես Ադամի «օգնական» (Ծննդոց 2․18–20)։ Աստված իշխանության տարբեր տեսակներ է հաստատել այս երկրի վրա՝ երկրների կառավարությունները, որպեսզի հասարակության մեջ ապահովեն արդարադատությունն ու պաշտպանեն մարդկանց, հովիվները, որպեսզի առաջնորդեն ու կերակրեն Աստծո հոտը, ամուսինները, որպեսզի սիրեն ու խնամեն իրենց կանանց, և հայրերը, որպեսզի դաստիարակեն իրենց զավակներին։ Յուրաքանչյուր դեպքում իշխանության առկայությունը ենթադրում է հնազանդության դրսևորում․ քաղաքացիները՝ կառավարությանը, հոտը՝ հովվին, կինն՝ ամուսնուն, զավակը՝ հորը։

Հունարեն բառը, որը թարգմանվել է «հնազանդվել» hupotasso բայն է, որը շարունակական ժամանակաձև ունի։ Սա նշանակում է, որ Աստծուն, կառավարությանը, հովվին կամ ամուսնուն հնազանդվելը մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական վերաբերմունք, որը վերածվում է վարքագծային դրսևորման։

Առաջին հերթին, անշուշտ, մենք պատասխանատու ենք Աստծուն հնազանդվելու համար, ինչը միակ կերպն է, որի շնորհիվ մենք իրապես կարող ենք ցույց տալ Աստծո հանդեպ մեր նվիրումը (Հակոբոս 1․21, 4․7)։ Յուրքանչյուր քրիստոնյա պետք է ապրի հեզության կյանքով և պատրաստ լինի մյուսներին հնազանդվելու (Եփեսացիս 5․21)։ Ընտանիքի մեջ հնազանդության առումով Ա Կորնթացիս 11․2-3 հատվածը սովորեցնում է, որ ամուսինը պետք է հնազանդվի Քրիստոսին (ինչպես Քրիստոս հնազանդ է Հայր Աստծուն), և կինը պետք է հնազանդ լինի իր ամուսնուն։

Մերօրյա աշխարհում բավականին լուրջ թյուրըմբռնում գոյություն ունի ամուսնության շրջանակներում ամուսնու և կնոջ դերակատարման շուրջ։ Անգամ այն ժամանակ, երբ այս հարցում աստվածաշնչյան սզկբունքը բավականին լավ կերպով ընկալված է, շատերը նախընտրում են մերժել այն հօգուտ կանանց «ազատականացման», ինչի հետևանքով խարխլվում է ընտանիքների հիմքի ամրությունը։ Զարմանալի չէ, որ աշխարհը մերժում է Աստծո սահմանակ կարգը, սակայն զարմանալի է, որ շատ հավատացյալներ են ցնծությամբ ընդունում աշխարհի սկզբունքներն այս հարցում։

Հնազանդվելը վատ բառ չէ։ Հնազանդությունը ստորադասության կամ ցածրարժեքության դրսևորում չէ։ Քրիստոս մշտապես Իրեն հնազանդեցնում էր Հոր կամքին (Ղուկաս 22․42, Հովհաննես 5․30) առանց փոքր-ինչ նվազեցնելու սեփական արժեքը։

Որպեսզի դիմակայենք կանանց կողմից իրենց ամուսններին հնազանդվելու հարցում աշխարհի տարածած ապատեղեկատվությանը, մենք պետք է ուշադրություն դարձնենք Եփեսացիս 5․22–24 հատվածում տեղ գտած հետևյալ ճշամրտություններին՝ 1) Կինը պետք է հնազանդվի մեկ տղամարդու (իր ամուսնուն), այլ ոչ թե տղմաարդկանց ընդհանրապես։ Հնազանդվելու այս պատվերը չի տարածվում հասարակության մեջ կանանց զբաղեցրած դիրքի ընդհանուր ընկալման վրա։ 2) Կինը պետք է իր ամուսնուն կամավոր կերպով հնազանդվելը դիտի Տեր Հիսուս Քրիստոսին սեփական անհատական հնազանդության լույսի ներքո։ 3) Կնոջ հնազանդության օրինակը Եկեղեցու հնազանդությունն է Քրիստոսին։ 4) Այստեղ ոչինչ չի ասվում կնոջ ունակությունների, տաղանդների և արժևորման մասին։ Իր ամուսնուն հնազանդվելու փաստը ոչ մի կերպ չի խոսում նրա ստորադաս լինելու կամ ավելի ցածր արժևորման մասին։ Նաև ուշադրություն դարձրեք, որ հնազանդվելու պատվերը չի կրում ոչ մի բացառություն, այլ ուղեկցվում է «ամեն ինչում» արտահայտությամբ։ Այսպիսով, ամուսինը հատուկ հմտությունների կամ ինտելեկտուալ զարգացվածության քննություն չպետք է հանձնի նախքան իր կնոջ հնազանդությանն արժանանալը։ Հնարավոր է, որ կինը շատ առումներով ավելի որակավորված լինի առաջնորդելու ընտանիքը, քան ամուսինը, սակայն կինը պետք է որոշում կայացնի հետևելու Աստծո դրած կարգին և հնազանդվելու իր ամուսնու առաջնորդությանը։ Այս անելով՝ աստվածապաշտ կինը կարող է իր անհավատ ամուսնուն առանց «խոսքի քարոզության» և միայն իր սուրբ վարքագծով շահել Քրիստոսի համար (Ա Պետրոս 3․1)։

Հնազանդությունը պետք է առաջնորդվողի կողմից առաջնորդողի սիրո հանդեպ նրա բնական արձագանքը լինի։ Երբ ամուսինը սիրում է իր կնոջն այնպես, ինչպես Քրիստոս է սիրում Իր Եկեղեցուն (Եփեսացիս 5․25-33), ապա հնազանդությունը լինում է կնոջ բնական արձագանքը իր ամուսնու ունեցած իշխանությանը։ Սակայն անկախ ամուսնու սիրո առկայության կամ բացակայության, կանանց տրված պատվերը ամուսիններին հնազանդվելն է այնպես, «ինչպես Տիրոջը» կհնազանդվեին (խոսք 22)։ Սա նշանակում է, որ կնոջ հնազանդությունն Աստծուն և Նրա սահմանած կարգին, կհանգեցնի իր ամուսնու հանդեպ հնազանդության վերաբերմունքին։ «Ինչպես Տիրոջը» համեմատությունը կնոջը հիշեցնում է նաև այն մասին, որ գոյություն ունի ավելի մեծ իշխանություն, որի առաջ նա հաշվետու պետք է լինի։ Այսպիսով, կինը պարտավոր չէ ընդվզելու քաղացիական օրենքների կամ Աստծո պատվիրանների հանդեպ, որպեսզի «հնազանդ» լինի իր ամուսնու պահանջներին։ Նա հնազանդվում է այն բաների մեջ, որոնք ճիշտ են, օրինական և պատվում են Աստծուն։ Անշուշտ, նա չի հնազանդվում բռնությանը, ինչը սխալ է և չի կարող Աստծուն պատիվ բերել։ «Հնազանդության» սկզբունքը բռնությունն արդարացնելու նպատակով կիրառելը նշանակում է աղավաղել Աստծո Խոսքը և նպաստել չարիքի տարածմանը։

Կնոջ կողմից ամուսնուն հնազանդվելու Եփեսացիս 5-րդ գլխի պահանջը առիթ չպետք է լինի ամուսնու եսասիրական ու իշխող նկրտումների։ Ամուսնուն ուղղված պահանջը սիրելն է (խոսք 25), և նա պատասխանատու է Աստծո առջև այդ պահանջի իրագործման համար։ Ամուսինը իր իշխանությունը պետք է կիրառի իմաստությամբ, ողորմածությամբ և Աստծուց երկյուղ ունենալով, քանի որ Նրան հաշիվ պետք է տա այդ իշխանության կիրառության համար։

Երբ կինն ամուսնու կողմից սիրված է այնպես, ինչպես Եկեղեցին է սիրված Քրիստոսի կողմից, ապա հնազանդվելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Եփեսացիս 5․24 խոսքում կարդում ենք․ «Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն»։ Ամուսնության մեջ կնոջ հնազանդությունը ամուսնու հանդեպ պատվի ու հարգանքի վերաբերմունքի դրսևորման (տե՛ս Եփեսացիս 5․33 խոսքը) և նրան պակասող որակներն ու հմտությունները լրացնելու միջոց է։ Սա Աստծո իմաստուն ծրագիրն է ընտանիքի կենսագործունեության վերաբերյալ։

Աստվածաշնչի մեկնաբան Մեթյու Հենրին գրում է․ «Կինն արարվեց Ադամի կողոսկրից։ Նա չարարվեց Ադամի գլխից, որպեսզի իշխի նրա վրա, կամ ոտքերից, որպեսզի տրորվի նրա ոտքերի տակ, այլ կողոսկրից, որպեսզի հավասար լինի նրան, լինի պաշտպանված նրա թեև տակ և մոտ լինի նրա սիրող սրտին»։ Եփեսացիս 5․19–33 հատվածի անմիջական համատեքստը Սուրբ Հոգով լցվելու մասին է։ Հոգով լեցուն հավատացյալները պետք է լինեն երկրպագությամբ լեցուն (5․19), գոհացող (5․20) և հնազանդ (5․21)։ Այնուհետև, Պողոս առաքյալը հետևում է Հոգով լցվելու պայմանների իր թվարկմանը և 22-24 հատվածում կիրառում այն կանանց առումով։ Կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն, ոչ թե որովհետև ստորադաս է նրան (Աստվածաշունչը երբեք նման բան չի սովորեցնում), այլ քանի որ հենց դա է ամուսնական հարաբերությունների վերաբերյալ Աստծո հաստատած կարգը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք կինը պե՞տք է հնազանդվի իր ամուսնուն։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries